Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր կորուստներն ու թշնամու ձեռքբերումները

Մեր կորուստներն ու թշնամու ձեռքբերումները
17.02.2023 | 10:22

44-օրյա պատերազմից հետո՝ որպես փաստ արձանագրում ենք, որ նահատակվեցին 4-5 հազար, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Ջերմուկում՝ ևս 150-200 հոգի լույս տղաներ:
12.000-ից ավելի կա հաշմանդամ, անթիվ-անհամար են խեղված ճակատագրերը:
Հարյուրից ավելի գերեվարվածներ կան Բաքվի բանտերում, նույնքան էլ անհետ կորածներ:
Կորսված է Արցախի 75 %-ը:


Թշնամուն է հանձնվել 187 գյուղ, 6 քաղաք,
200 վանք ու եկեղեցի, 39 սրբավայր, բերդ ու ամրոց, 4.000-ից ավելի պատմամշակութային հուշարձան ու կոթող, 12 թանգարա, 20.345 ցուցանմուշ:
Տեղահանվել է 9.396 ընտանիք, 38.154 քաղաքացի մնացել է անտուն:
ՀՀ սուվերեն տարածքից զգալի հատված անցել է թշնամու վերահսկողության տակ, միջպետական նշանակության Մ2 (Գորիս-Կապան) ռազմավարական ճանապարհը չի շահագործվում՝ 21 կմ հատվածը թշնամուն հանձնելու պատճառով:
Հարյուրից ավելի համայնք թշնամու ուղիղ նշանակետի տակ են:


Նոր բնագծերն ու առաջնագիծը պատշաճ կահավորված չեն, սպառազինությունը խիստ սահմանափակ է, պաշտպանական համակարգը՝ թերի, հրամկազմը՝ կաշկանդված...
Բերձորի միջանցքը փակ է, Արցախը տոտալ բլոկադայի մեջ է, հայ ժողովուրդը մատնված է սովի:
Նպատակը՝ Արցախի նախիջևանացումն է.
էթնիկ զտումը, որի արդյունքում վերջնականապես կլուծվի Ղարաբաղի հակամարտությունը:
Չկա մարդ, չկա խնդիր...
Իսկ Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով:
Այդ պետությունն առհասարակ ուզում է Հայաստանի վերացումը:
Ամբողջ մեր երկիրն է ուզում՝ մայրաքաղաք Երևանով...


Ինչքան էլ ասեն, թե Թուրքիայի երկրաշարժով պայմանավորված՝ առաջիկայում պատերազմ չի լինի, այնուամենայնիվ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է:
Ադրբեջանը շարունակում է զորքեր ու սպառազինություն կուտակել ինչպես ՀՀ-ի սահմանի գրեթե ողջ երկայնքով, այնպես էլ Արցախի Մարտակերտի շրջանում ու Բերձորի միջանցքի հարակից բարձունքներում՝ հող նախապատրաստելով հետագա լայնածավալ հարձակման համար:


Այնպես որ, անկախ հավանական ու անհավանական սցենարների, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
Ամենօրյա ագրեսիայի ու քաղաքական ուլտիմատումների հետ մեկտեղ, Ադրբեջանը նոր ճակատ է բացում Հայաստանի դեմ, որն իր մեջ ներառում է ոչ թե տանկեր և հրթիռներ, այլ իրավական փաստաթղթեր և շրջակա միջավայրին վնաս պատճառելու պահանջներ:
Միաժամանակ Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, կապիտալիզացնում է իր հաղթանակը:
2 միջազգային ստանդարտներով օդանավակայան (Վարանդայում և Կովսականում) արդեն իսկ շահագործվում են: 3-րդը կառուցվում է Բերձորում:
Բերձոր քաղաքը (Լաչին) գրեթե ամբողջությամբ նորովի կառուցվել է:
Շուշին արմատապես վերափոխվել է:
Ակնան (Աղդամը) նոր գենպլանով օրեցօր դառնում է գերժամանակակից, հարուստ ենթկառուցվածքներով, երկնաքերներով քաղաք։
Նույնը՝ Վարանդան (Ֆիզուլի):


Շուշի- Ֆիզուլի արագընթաց ճանապարհը՝ էստակադաներով, թունելներով պատրաստ կլինի շահագործման 2024 թվականին:
Կառուցվում են հէկ-էր, ճանապարհներ, երկաթուղիներ, հեկտարներով անտառներ, ջրամբարտակներ:
Ինչևէ, մենք կորցրեցինք հայրենիքի ևս մի մասը, նրանք ձեռք բերեցին նոր «վաթան»...
Նրանք 2 տարում կառուցեցին այն, ինչ մենք չկառուցեցինք 30 տարում...
2.5 տարում «100 տուն Արցախի համար» մեկնարկած ծրագրից առ այսօր գոնե 20 տուն պատրաստ չէ ու հանձնված չէ ապրելու համար, իսկ մեր թշնամին, մեր քթի տակ ժամանակակից քաղաքներ ու գյուղեր է կառուցում:
Ալթայի երկրամասից եկած քոչվորը դարձավ նստակյաց ու հայրենիքի տեր, հազարամյա պատմություն ունեցող նստակյաց արիական ազգը կորցրեց իր աստվածատուր բնօրրանն ու դարձավ քոչվոր...
Ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող թշնամին իր չեղած-չունեցած «հայրենիքը» ամեն գնով ընդարձակում է, տիրանում է նրան, ինչը երբեք իրենը չի եղել, ամեն քարին ու թփին իր անվանումն է տալիս ու ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհը դա որպես իրենը ճանաչի, իսկ մենք հեշտությամբ հրաժարվում ենք մեր հազարամյա հայրենիքի զգալի մասից, զիջում այն օտարին, շատ արագ հարմարվում ու համակերպվում ենք կորստի հետ, բավարարվում՝ մնացածով...


Իրականում մեզ ո՛չ Արցախն է հետաքրքրում, ո՛չ դիրքերը, ո՛չ ճանապարհները, ո՛չ էլ այսքան զոհերը...
Անգամ հայորդիների թարմ արյունով թաթախված հողը սկսեցինք չգնահատել։
Իջել ենք այն մակարդակին, որ պետականություն ու սուվերենություն կորցնելու խնդրի առաջ ենք, բայց կրկին չենք գիտակցում ու չենք սթափվում...
Ի դեպ վերջերս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Ադրբեջանն ընդդեմ հայաստանի լսումների ժամանակ Հայաստանն Ադրբեջանի կողմից գրավված տարածքների քարտեզն է հրապարկել:
Պատկերը ողբալի է:
Շուրջ 130 քկմ ՀՀ տարածք օկուպացված է:
Հրապարակված քարտեզը փաստում է՝ Ադրբեջանը Հայաստանից կարևոր ռազմավարական բարձունքներ է գրավել՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի հատվածներում:
Թե ինչու մինչ այս իշխանությունները չէին հրապարակում Հայաստանից զավթված տարածքների քարտեզը և թե ինչու կորսված դիրքերի ստույգ թիվը առ այսօր հրապարակված չեն՝ դժվար չէ կռահել...
Ինչևէ...


Սա նրա մասին չէ, թե ով էր ապիկար ու սնանկ, ով դավաճան, ով նվիրյալ, իսկ ով հերոս...
Դրանք բոլորը հավասարվել են ու զրոյացվել...
Սա նաև Ադրբեջանի գովքը չէ:
Սրանք փաստեր են, որոնց հետ ստիպված ես առերեսվել...
Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք ասեք, միևնույն է՝ Ալիևը պատմության մեջ կմնա որպես Ադրբեջան ստեղծող, հզորացնող մարդ, որը հայերից գրավել է Արցախի և Հայաստանի զգալի մասը:
Իսկ մենք պատմության մեջ կմնանք որպես սերունդ, որը չկարողացավ պահպանել իր ազատագրածը, ավելին՝ պատրաստ է էլի զիջել։
Մեր ապագա սերունդներն ամաչելու են մեզ համար ու ամոթանք են մեզ տալու:
Այս խարանը երբեք հնարավոր չի լինի ջնջել։


Հասկացողների համար սա սրտի ցավ է, ողբերգություն է, սա մեր բոլորի ամոթն է...
Շարունակեք լուռ հետևել...
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարներից՝ ամեն պարտություն։
Բացառապես ազգային վերածնունդն է հանելու մեզ այս գաղջից:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 11427

Մեկնաբանություններ